Ժամանակն է եկել, որ էքստենսիվ գյուղատնտեսությունն այլևս պետության կողմից չպետք է դիտարկվի որպես գյուղատնտեսության զարգացման հիմնական միջոց, և կենտրոնացել ենք ինտենսիվ գյուղատնտեսության վրա: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պապոյանը ընդգծեց՝ Հայաստանն ունի սահմանափակ հողային և ջրային ռեսուրսներ, հատկապես՝ ջրի արդյունավետ օգտագործման հետ կապված, և պետք է կենտրոնանալ սահմանափակ ռեսուրսներով ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացնելու վրա, այդ թվում՝ բուսաբուծությունը և անասնապահությունը:
«Մեր երկիրն այս կոնտեքստում չունի անսահմանափակ հողահանդակներ, որոնք մեզ հնարավորություն կտան էքստենսիվ եղանակով գյուղատնտեսությունը զարգացնելու: Դա է պատճառը, որ նախաձեռնվել է Կառավարության կողմից անասնաբուծության խոշոր ներդրումային ծրագիր»,- ասաց նա:
Պապոյանը հիշեցրեց՝ ծրագրի շրջանակում պլանավորվել է ունենալ 6 կամ 7 խոշոր անասնապահական ֆերմաներ, որի շրջանակում այժմ 43 մլրդ դրամի ներդրումներ են իրականացվել և իրականացվում: