2024 թվականի դեկտեմբերի ցուցանիշներով՝ 11 ամսվա տվյալներով, տնտեսական ակտիվության աճը կազմում է 7,4 տոկոս: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նախարարի՝ հունվար-նոյեմբերին գրանցվել է արտահանման մոտ 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 տոկոս աճ, արդյունաբերության՝ 7,6 տոկոս, մշակող արդյունաբերության՝ 10,5 տոկոս, ծառայությունների աճը կազմել է 6,3 տոկոս, գյուղատնտեսության աճը հունվար-սեպտեմբերին՝ 1,8 տոկոս, շինարարության աճը՝ 14,9 տոկոս:
«Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա մենք ունեցել են նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշներին նման ցուցանիշներ, հատկապես՝ 2019 թվականի:
Ինչո՞ւ չեմ խոսում 2021, 2022, 2023-ի մասին, որովհետև դրանք, ըստ էության, ավելի ֆորսմաժորային ժամանակահատվածներ են եղել, և այդ հատվածներում, տարբեր արտաքին գործոններով պայմանավորված, մենք տարբեր բացասական և դրական ցուցանիշներ ենք ունեցել, և հիմա արդեն մտել ենք կայունության փուլ: Նման ցուցանիշները պահպանելը, օրինակ՝ 6, 7, թեկուզ՝ 5,5 տոկոս տնտեսական աճ ունենալը, և այդպիսի շարունակական բարձր աճեր ունենալը, արդեն իսկ բավականին բարձր ցուցանիշ է համարվելու: Այդպես էլ կա, միջազգային գործընկերների կողմից էլ է այդպես համարվում»,- ասաց նա:
Նախարարը նաև ներկայացրեց վերջին տարվա ընթացքում գրանցված «հիմնական դինամիկաները»:
«Եթե նախկինում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայություններն էին, և դա նաև շատ էր քննադատվում, երբեմն կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ, ապա այժմ, պետք է նշեմ, որ մեր տնտեսական աճի մեջ, իհարկե, ծառայությունները շարունակում են մեծ դեր ունենալ, բայց ծառայություններն իրենց դերով զիջել են շինարարությանը և, որ ամենակարևորն է՝ արդյունաբերությանը: Այսինքն՝ արդյունաբերությունը մեր տնտեսության մեջ իր աճի չափաբաժնով երկրորդն է եղել, ինչը, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է»,- ասաց նա: