Այսօր՝ հունվարի 12-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Այդ մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը:
Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի պաշտոնակատար Սարգիս Վահրադյանը, Ստեփանավան համայնքում՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը:
Հանդիսավոր միջոցառումներին մասնակցում էին նաև համայնքապետարանների պաշտոնյաներ, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:
Զինակոչիկներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին համբերություն ու տոկունություն է մաղթել Գոռ Ասրյանը:
Նորակոչիկներին իրենց օրհնությունը հղել են նաև հոգևոր հայրերը: Բարեմաղթանքի խոսքեր են հնչել նաև համայնքների ղեկավարների անունից: