ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, տեղեկացնում է.
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:
2024 թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է. (մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ» (մեջբերման ավարտ):
2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ:
Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»: