ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել փաստաթղթերի կեղծման գործով: Հայտնի է, որ նա 2016 թվականին գումար է փոխանցել փաստաբան Մայքլ Քոհենին՝ դա ներկայացնելով որպես իրավաբանական ծառայությունների դիմաց վճարում։
Մեղադրող կողմը, սակայն, պնդել է, որ փոխանցումները նախատեսված են եղել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի համար: Նշվում է, որ Թրամփը ցանկացել է լռեցնել նրան և կոծկել դերասանուհու հետ ունեցած կապը:
Այնուհանդերձ, դատարանի որոշմամբ՝ Թրամփն ազատվել է կալանքից և տուգանքներից` հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահները սահմանադրությամբ չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել: «Բայց դա չի նվազեցնում հանցագործության լրջությունը»,- նշել է դատավորը:
Թրամփը չի ընդունել դատավճիռը, այն անվանել է քաղաքական հետապնդում:
Հունվարի 20-ին նախատեսված երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը ստանձնում է երկրի ղեկավարի պաշտոնը՝ փաստացի ճանաչված լինելով մեղավոր: