Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին: Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ Կառավարության կողմից երեկ տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:
Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների՝ ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ: Այդ համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի վերջնականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով ՀՀ-ի կողմից ներկայացված առաջարկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերի: