ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է Ժոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում: Կառույցն ընդգծել է, որ նոր նախագահի ընտրությունը վճռորոշ է պետական հաստատությունների լիարժեք գործունեության ապահովման, հատկապես Լիբանանի քաղաքական, տնտեսական և անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար: Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և քաղաքական անկախությանը:
Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրությունը երկրին հնարավորություն կտա նորից ստանալ միջազգային աջակցություն, ինչպես նաև կնպաստի ԵՄ-Լիբանան գործընկերության լիարժեք վերականգնմանը՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ողջունել է Ժոզեֆ Աունի՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելը և հույս հայտնել, որ երկիրը կվերականգնվի «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հակամարտությունից հետո։ Բայդենի խոսքով՝ Լիբանանի ժողովուրդն ընտրել է խաղաղության, անվտանգության, ինքնիշխանության և վերականգնման ուղին, որով նա կընթանա միջազգային հանրության աջակցությամբ: ԱՄՆ-ի ղեկավարը նաև խոստացել է աջակցել լիբանանցիներին։
Լիբանանի խորհրդարանի պատգամավորներն ավելի քան 2 տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամից հետո կարողացել են համաձայնության գալ նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի թեկնածության շուրջ: Մինչ այդ նա զբաղեցրել է երկրի ԶՈՒ հրամանատարի պաշտոնը: