2024-ի ընթացքում իրականացվել է 45 հազարից ավելի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց, որից շուրջ 4000-ը գերազանցել են թույլատրելի բեռնվածությունը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ տեսչական մարմինն ունի խնդիր:
«Վարորդները տարբեր, շրջանցող ճանապարհներով, այսպես ասած՝ սարերով և ձորերով, փորձում են շրջանցել կշռման կայանը, սակայն պետական լիազոր մարմնի հետ համատեղ արդեն իսկ նախաձեռնել ենք կշեռքի տեղադիրքի փոփոխություն, որի արդյունքում վարորդներն էլ հնարավորություն չեն ունենալու շրջանցել կշռման հենակետը»,- ասաց նա:
Քննարկվում է նաև կշռման կայաններ ավելացնելու հարց, բայց, 2 կշռման կայանից բացի, տեսչական մարմինն ունի շարժական կշեռքներ, որոնցով նույնպես իրականացվում է վերահսկողություն:
Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա խախտման դեպքում յուրաքանչյուր տոննայի համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանք է սահմանվում:
Գարեգին Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ վերահսկողական գործառույթների խստացման արդյունքում նախորդ տարիների համեմատությամբ խախտումները նվազել են: