Հողօգտագործման ոլորտում տեսչական մարմնի կողմից 2024 թվականի ընթացքում 11 համայնքում իրականացվել են ստուգումներ, և հայտնաբերվել 100-ից ավելի խախտումներ: Այն խախտումները, որոնց տեսչական մարմնի մասնագետների գնահատմամբ անհրաժեշտություն կար իրավական գնահատական տալու, գրավոր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:
«Համայնքների ղեկավարների կողմից հողամասերի հրապարակային սակարկությունների օտարման ընթացակարգեր են խախտվել, ուղղակի վաճառքի միջոցով հողամասերի օտարման ընթացակարգեր են խախտվել: Ունենք նաև շահերի բախման դեպքեր և ընդհանուր հողային օրենսդրությունն ապահովող նորմատիվ օրենսդրական այլ ակտերի խախտումներ»,- ասաց նա: