Քաղաքաշինության ոլորտում 2024 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացվել է 1100-ից ավելի ստուգում և դիտարկում, որից շուրջ 250-ի մասով հայտնաբերվել են բազմաբնույթ խնդիրներ: Տեսչական մարմնի մասնագետները նաև մասնակցություն են ունեցել 4000-ից ավելի ավարտված շինարարական օբյեկտների փաստագրման հանձնաժողովի աշխատանքներում, որից շուրջ 1600-ի մասով տրվել է բացասական եզրակացություն: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:
Քաղաքաշինության ոլորտում խնդիրները վերաբերում են նախագծերի շեղումներին, փաստաթղթերի թերի ներկայացմանը, շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպմանը, իսկ պետական և սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներում արձանագրվում են նաև որակի հետ կապված խնդիրներ:
«Կոնկրետ պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներում տեսչական մարմինը միայն 2024 թվականին իրականացրել է 900-ից ավելի դիտարկում: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվել են որակի հետ կապված խնդիրներ, միջնորդություն է ներկայացվել պետական լիազոր մարմին՝ շինարարությունը իրականացնող սուբյեկտին տրված լիցենզիայի կասեցման հարցը քննարկելու»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այցելություններն իրականացվում են ինչպես անձամբ իր, այնպես էլ ոլորտը համակարգող տեղակալների կողմից: