Սեսիլիա Սալան իրանական բանտում երեք շաբաթ անցկացնելուց հետո վերադարձել է Իտալիա՝ գրում է Euronews-ը։ Հռոմի օդանավակայանում նրան դիմավորել են ծնողները, գործընկերը և վարչապետ Ջորջա Մելոնին՝ արտգործնախարար Անտոնիո Տայանիի ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի ուղեկցությամբ։ Շատերը համարում են, որ լրագրողն ազատ է արձակվել վարչապետի ջանքերի շնորհիվ:
Il Foglio օրաթերթի լրագրող Սալան Թեհրանում ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին՝ լրագրողական վիզայով ժամանելուց մեկ շաբաթ անց։ Նրան մեղադրել են Իսլամական Հանրապետության օրենքները խախտելու համար՝ հաղորդում է պաշտոնական IRNA գործակալությունը։
Իտալացի մեկնաբանները ենթադրում են, որ Իրանը Սալային ձերբակալել է Իտալիայում ձերբակալված իրանցի ինժեներ Մոհամմադ Աբեդինիի հետ փոխանակելու համար: Իրանցին ձերբակալվել է Միլանի Մալպենսա օդանավակայանում դեկտեմբերի 16-ին՝ ԱՄՆ-ի որոշմամբ։ Ամերիկյան արդարադատության նախարարությունը Աբեդինիին մեղադրել է Իրանին անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա մատակարարելու համար, որն օգտագործվել է 2024 թվականի հունվարին Հորդանանում ԱՄՆ ֆորպոստի վրա հարձակման ժամանակ՝ դառնալով երեք ամերիկացի զինծառայողի մահվան պատճառ: