ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում չորեքշաբթի՝ հունվարի 8-ի առավոտյան, «Ռոսռեզերվ» նավթի պահեստին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհի տարածքը մինչև երեկո մեծացել է, և այդ պատճառով իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Նրա խոսքով՝ ԱԻՆ հրշեջ ծառայության երկու աշխատակից զոհվել է, մեկ հրշեջ էլ վիրավորվել է։ Ավելի վաղ նա գրել էր, որ զոհեր և վիրավորներ չկան, և որ «ուժերն ու միջոցները բավարար են հրդեհը տեղայնացնելու համար»։
Նահանգապետը պնդել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն, նշել է նաև, որ «Էնգելսի արդյունաբերական օբյեկտի վրա անօդաչու սարքերի բեկորներ են ընկել»։
«Ազատություն» ռադիոկայանը և մի քանի Telegram ալիքներ ճշտել են հրդեհի կոորդինատները և պարզել, որ վնասված օբյեկտը Ռոսռեզերվի «Կրիստալ» նավթի պահեստն է, որտեղ պահվում է «Էնգելս-2» ռազմական օդանավակայանի վառելիքը։
Այնտեղ է տեղակայված ռազմավարական ավիացիան, որը կարող է հանդես գալ որպես միջուկային զենք կրող և պարբերաբար թևավոր հրթիռներով հարվածներ է հասցնում Ուկրաինային։ 2023 թվականի դրությամբ օդանավակայանը միակն էր, որտեղ տեղակայված էին Տու-160 ռազմավարական ռմբակոծիչները։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Սարատովի շրջանի վրայով ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։