«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) անորոշ ժամանակով դադարեցրել է Բաքվից Կազան և հակառակ ուղղությամբ թռիչքները։ Այս մասին ավիափոխադրողը հունվարի 8-ին հայտնել է սոցիալական ցանցերում՝ պատճառաբանելով, որ վերջերս Կազանի օդային տարածքը պարբերաբար փակվում է։
Կազանը դարձել է ռուսական տասնմեկերորդ քաղաքը, որի հետ Ադրբեջանի ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է Գրոզնիի օդային տարածքում ՀՕՊ համակարգի կողմից՝ դրոնների հարձակման ժամանակ, և կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։
Դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ, հիմնականում երկրի հարավում, թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին հայտարարել են նաև մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ, մասնավորապես՝ իսրայելական El Al-ը, ԱՄԷ-ից FlyDubai-ը, ղազախական Qazaq Air-ը, «Թուրքմենական ավիաուղիները», ինչպես նաև սերբական խոշորագույն ավիափոխադրող Air Serbia-ն: