ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հունվարի 8-ին այցելել է Հայաստանի առաջին միաեղջյուր՝ շուկայական արժեքը 1 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող Picsart ընկերություն, որը մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակներից մեկն է՝ ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատերով։
Picsart-ի հիմնադիր և գործառնական տնօրեն Հովհաննես Ավոյանի, արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Մադլեն Մինասյանի և կազմակերպչական արդյունավետության տնօրեն Նազելի Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին։
Նշվել է, որ Picsart-ում յուրաքանչյուր ամիս մոտ 1 միլիարդից ավելի պատկեր է ստեղծվում, խմբագրվում և տարածվում։ Picsart-ում առանձնակի կարևորվում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը:
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել նաև Picsart Academy-ի գործունեությունը, որը նոր սերնդի համալսարան է։ Այս համատեքստում քննարկվել է համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև Picsart Academy-ն Հայաստանի սահմաններից դուրս բերելու և այն մարզերում ընդլայնելու վերաբերյալ:
Նախարարը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Քննարկվել են փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ինչն էականորեն կնպաստի ոլորտային ընկերությունների հետ համագործակցության ամրապնդմանը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը։
Picsart ընկերությունը գրասենյակներ ունի աշխարհի մի շարք երկրներում: Ընկերության աշխատակիցներից ավելի քան 400-ն աշխատում են հենց Երևանի գրասենյակում: Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում Picsart-ի հավելվածի միջոցով, որը հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով: