Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
ՀՀ վարչապետը շնորհավորել է տիկին Գրոնոյին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ և հիշեցրել, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ինքն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:
Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության գործուն քայլերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։