Միայն 2024-ին 503 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել, և ավելի քան 200 կմ ճանապարհ կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերի մասով, որտեղ էլի վճարման մեջ պետական և համայնքային մասնաբաժիններ կան: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարը նշեց՝ մայրաքաղաքի մասով հասցեատերը Երևանի քաղաքապետարանն է, բայց միաժամանակ արձանագրեց՝ գուցե քաղաքացիների ակնկալիքների համաձայն՝ աշխատանքները բավարար չեն, բայց վերջին տարվա ընթացքում Երևանում մեծ ծավալով ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել:
«Երևանում էական ճանապարհաշինարարական ծրագրեր են իրականացվել: Ճանապարհային ցանցը Երևանում հնամաշ է, հանրապետության տարածքում հնամաշ է:
Ես այն դրական զգացողությունը չունեմ, որ Հայաստանի ամբողջ ճանապարհներն իդեալական վիճակում են: Ունենք բազմաթիվ միջմարզային ճանապարհներ, որոնք վատ վիճակում են:
Հանրապետական և միջպետական ճանապարհների մասով իրավիճակը շատ ավելի լավ է: Վերջին տարիների ընթացքում այստեղ մեծ աշխատանք ենք իրականացրել: Բայց ասեմ, որ շարունակելու ենք էլի 500 կիլոմետրի սահմանում աշխատանք իրականացնել պետական բյուջեի միջոցներով: Այնքան, որքան համայնքները կցանկանան համաֆինանսավորել, և նրանց կարողությունները թույլ կտան համաֆինանսավորելու, այդքան էլ պետությունը տրամադրված է համաֆինանսավորել ճանապարհային բլոկը»,- ասաց նա: