ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաներ ստանալու մեծ հերթեր են գոյացել: Սա շատ մեծ դժգոհություններ է առաջացնում: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին, որ խնդրով զբաղվեն:
Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչը կարող է լինել պատճառ, որ վերջին տարիներին Հայաստանից Եվրամիություն ուղևորահոսքը էականորեն, բազմապատիկ աճել է:
«Այն հոսքը, որ հիմա կա Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ երկրներն ու պաշտոնյաներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավելի են: Այսինքն՝ իրենք կանխատեսում են, որ 1 տարվա կամ 1 ամսվա մեջ պիտի 300 մարդու համար վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,- ասաց նա:
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքի աճի պատճառներից մեկը ավիացիոն ոլորտում բարեփոխումներն են:
«Մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ: Մարդիկ այսօր նախընտրում են, ասում են՝ ինչի՞ գնանք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, հետ գանք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, կգնանք Բրյուսել, և սրա մեջ չափազանցություն չկա»,- ասաց նա:
Վարչապետը դեպի ԵՄ ուղևորահոսքի պատճառներից մեկը համարում է նաև այն, որ մարդիկ գումար ունեն, սպառողական մենթալիտետն է փոխվել: Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծեց, որ այս տարի դեպի Վրաստան հերթեր չեն գոյացել: Իհարկե, պատճառներից մեկն այն է, որ սահմանային թողունակությունն է մեծացել, բայց մյուս կողմից կարծում է՝ դա մարդկանց բարեկեցության մակարդակի և սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է: