Գործադիրի՝ հունվարի 9-ի նիստին, ինչպես արդեն հայտնել ենք, Կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշումը՝ ընդգծելով, որ պետք է ճիշտ ըմբռնել հարցի համատեքստը:
Փաշինյանը հիշեցրեց՝ 2023-ի աշնանը ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանում, ուղերձ հղել, որ ՀՀ-ն պատրաստ է լինել ԵՄ-ին այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:
«Իմ ունեցած այդ ելույթն իմ քաղաքական գործունեության ընթացքում ՀՀ-ում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ելույթն էր այդ պահի դրությամբ... ՀՀ քաղաքացիների շրջանում այդ ելույթի արձագանքն աննախադեպ էր»,- նկատեց նա:
Այդ ելույթից հետո 2024 թվականի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն եռակողմ հանդիպում: Ըստ Փաշինյանի՝ դա աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր, որից հետո մեկնարկեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախաձեռնությունը, որը 50 հազարից ավելի ստորագրություն է հավաքել:
«Քաղաքական տրամաբանություն գոնե քաղաքական մեծամասնության տեսակետից չկա, որ մենք որոշենք, որ դեմ կանգնենք այս օրենքի ընդունմանը, և դե յուրե Կառավարության դիրքորոշումը հնչում է հետևյալ կերպ. որ Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը:
Բայց ուզում եմ նաև արձանագրենք՝ ինչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի ու նույնիսկ Կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով: Ուրիշ ճանապարհ չկա: Ինչո՞ւ եմ ասում. որովհետև եթե մենք օրենք ընդունենք, Կառավարության որոշում ընդունենք, ինչքանո՞վ դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց այդ որոշումները՝ ԵՄ-ին կամ ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշումը, մեր Սահմանադրության համաձայն, կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով: Այսինքն՝ սցենարներից որևէ պարագայում ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում (ես ՀՀ-ի տեսակետից եմ ասում), երբ կնշանակվի հանրաքվե, և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն: Մեր այսօրվա դիրքորոշումը պետք է քննարկել հետևյալ համատեքստում:
Բայց նաև պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը: Ո՞րն է այդ պատկերացումը: Իմ պատկերացումը հետևյալն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում, որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք:
Սա ինչի՞ համար եմ ասում, որովհետև իմ ընկալմամբ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը ՀՀ-ն գոնե այս պահի իմ ընկալմամբ որևէ այլ գործողություն չունի անելու: Սա ինչի՞ համար եմ ասում. հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»,- ասաց նա: