Սերբիան լուծել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի քանի պայմանագիր, հայտարարել է հանրապետության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը։ Նրա խոսքով՝ Բելգրադը դա արել է աշխարհում տիրող անկայուն իրավիճակի պատճառով։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից զենքի մատակարարմանը, ապա դա ներկայումս գործնականում անհնար է»,- ասել է Մոյսիլովիչը:
Գեներալը հավելել է, որ Սերբիան լուծել է որոշ պայմանագրեր, իսկ մյուսները՝ հետաձգել՝ հուսալով, որ համաշխարհային մակարդակով միջազգային հարաբերություններում իրավիճակը կկարգավորվի և թույլ կտա կյանքի կոչել գոյություն ունեցող համաձայնագրերը։
2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Սերբիան գրեթե համաձայնության է եկել Ֆրանսիայի հետ՝ կործանիչների վերաբերյալ գործարքի շուրջ՝ հրաժարվելով Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանից ինքնաթիռներ գնելուց։ Հաղորդվել է, որ Բելգրադը մի շարք խնդիրներ է ունենում՝ կապված խորհրդային սպառազինության տեխնիկական սպասարկման անհրաժեշտության հետ և չի կարողանում Ռուսաստանից պահեստամասեր գնել միջազգային քաղաքական իրավիճակի պատճառով:
Ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել Բելգրադի դիրքորոշմանը՝ նշելով, որ Սերբիայի ղեկավարությունը, մասնավորապես՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչը, մշտական ճնշման տակ են գտնվում ՆԱՏՕ-ի երկրների շրջապատում։