Կանադայի իշխանությունները հունվարի 7-ին կտրականապես անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկրի՝ ԱՄՆ-ի մաս դառնալու առաջարկին։ «Մեր տնտեսությունն ուժեղ է: Մեր ժողովուրդն ուժեղ է: Մենք երբեք չենք նահանջի սպառնալիքների առջև»,- գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին X սոցցանցում:
«Չկա շանս, որ Կանադան դառնա Միացյալ Նահանգների մի մասը: Մեր երկու երկրի աշխատավորական ու տեղական համայնքները շահում են առևտրի և անվտանգության ոլորտում միմյանց համար ամենամեծ գործընկերները լինելուց»,- գրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:
ԱՄՆ նորընտիր նախագահը, սակայն, այլ դիրքորոշում ունի: Թրամփը հունվարի 6-ին Truth Social-ում գրել է. «Մենք տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում կանադացիներին պաշտպանելու, Կանադայի մասին հոգ տանելու համար։ Իսկ առևտրային դեֆիցիտի պատճառով շատ բան ենք կորցնում։ Մեզ պետք չեն նրանց մեքենաները, փայտանյութը, կաթնամթերքը: Նրանց ունեցած ոչ մի բան մեզ պետք չէ: Այսպիսով, ինչու ենք մենք ավելի քան 200 միլիարդ դոլար ծախսում Կանադայի պաշտպանության համար»,- ասել է քաղաքական գործիչն ու հավելել. «Մենք իրավունք ունենք չօգնել նրանց իրենց ֆինանսական դժվարությունների հարցում, որովհետև մենք ինքներս ունենք 36 տրիլիոն դոլարի պարտք»։