ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ճեպազրույց է անցկացրել, անդրադարձել ներքին և համաշխարհային զարգացումներին: Նա հայտարարել է, որ կարող է հասկանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի մտադրության հետ կապված Ռուսաստանի զգացմունքները:
Թրամփն ուղղակիորեն չի պատասխանել՝ արդյոք պատրաստ է հրադադարի դեպքում անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Նա նաև հավելել է՝՝ գիտի, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հանդիպել իր հետ, սակայն մինչև երդմնակալությունը՝ հունվարի 20-ը դա տեղին չի լինի:
Խոսելով Գազայի հատվածում իրավիճակից՝ Թրամփը հայտարարել է՝ ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը մինչև իր երդմնակալությունն ազատ կարձակի գերիներին, հակառակ դեպքում Գազայում դժոխք կտիրի: ԱՄՆ ընտրված նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստվում է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոց, ինչպես նաև պայքարել Մեքսիկայից անօրինական ներգաղթի դեմ, զգալի մաքսատուրքեր սահմանել մեքսիկական և կանադական ապրանքների համար։
Թրամփը Դանիայից պահանջել է հրաժարվել Գրենլանդիայից: Նա կրկին հայտարարել է Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության անհրաժեշտության մասին, նաև չի բացառել հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը:
«Դրանք մեզ անհրաժեշտ են ազգային, տնտեսական անվտանգության համար»,- ասել է նա, մտահոգություն հայտնել, որ կղզու շուրջ ամենուր ռուսական և չինական նավեր են:
ԱՄՆ ընտրված նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ Նահանգը, և այդ նպատակին հասնելու համար ինքը պատրաստ է տնտեսական սանկցիաներ կիրառել: Թրամփի ծրագրերն անիրատեսական են որակել թե՛ Գրենլանդիայի, թե՛ Կանադայի իշխանությունները:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։