Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մենք շարունակական և շատ ինտենսիվ երկխոսություն ունենք և զարգացնում ենք մեր հարաբերությունները: Այդ մասին 2024-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Պետք է հիշատակել ապրիլի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց շատ կարևոր փաստաթուղթ: Բացի դրանից՝ այս տարի մենք ԱՄՆ-ի հետ ունեցանք մեր ռազմավարական երկխոսության հերթական փուլը, և այս ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշեց ԱԳ նախարարը:
«ԵՄ-ի հետ շարունակում ենք քննարկել, և, հուսով եմ, առաջիկա ամիսներին կստորագրենք գործընկերության նոր օրակարգ: Սա ևս մի ընդգրկուն փաստաթուղթ է: Տեղյակ եք, որ ԵՄ-ի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, և մեկնարկեց ի վերջո վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Սա կարևոր առաջընթաց էր, թեմա էր, որը շարունակ քննարկվում էր, և դեռևս շոշափելի առաջընթաց չկար: Այս մեկնարկը տեղի ունեցավ: ՀՀ-ն աջակցություն ստացավ ԵՄ-ից խաղաղության գործիքի ներքո, ինչը ևս աննախադեպ երևույթ էր, և այժմ մեր քննարկումները այլ ոլորտներում և մասնավոր թեմաներում շարունակում ենք ԵՄ-ի հետ: Նաև կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես ենք լինում: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ, կամ այն հատվածները, որտեղ ՀՀ-ը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, և քանի դեռ լինում են այսպիսի շինծու մեղադրանքներ ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղությունը խախտելու վերաբերյալ, ինչին ականատես եղանք նաև բառացիորեն օրեր առաջ, այս պայմաններում մենք շարունակելու ենք կարիք ունենալ ԵՄ քաղաքացիական առաքելության և համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»,- ասել է Միրզոյանը: