Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ քննարկել է մասնակցությունը Գազայի հատվածի ժամանակավոր կառավարմանը, իսրայելական զորքերի դուրսբերումից հետո և մինչև Պաղեստինի ազգային վարչակազմը կստանձնի տարածաշրջանի լիարժեք վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տասնյակ օտարերկրյա դիվանագետների և արևմտյան պաշտոնյաների։
Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ն ԱՄՆ-ի անվտանգության մերձավոր գործընկերն է և դիվանագիտական կապեր է պահպանում Իսրայելի հետ՝ որոշակի ազդեցություն ունենալով վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության վրա։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ կուլիսային բանակցությունների ընթացքում Աբու Դաբիում քաղաքական գործիչները հանդես են եկել Պաղեստինի ազգային վարչակազմի բարեփոխման օգտին՝ ապահովելու նրա հետագա վերահսկողությունը Գազայի հատվածի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի վրա՝ Պաղեստինի անկախ պետության շրջանակում, որի ստեղծմանն Իսրայելը բացահայտ ընդդիմանում է:
«ԱՄԷ-ն չի մասնակցի որևէ ծրագրի, որը չի ներառում Պաղեստինի ինքնավարության էական բարեփոխումները, նրա լիազորությունների ընդլայնումը և Պաղեստին պետության ստեղծման վստահելի ճանապարհային քարտեզի մշակումը»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ այս տարրերն այժմ բացակայում են, սակայն անհրաժեշտ են Գազայում ռազմական բախումների դադարեցումից հետո ցանկացած ծրագրի հաջողության համար։