Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևոր բաղադրիչներից է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Դրան է ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն այսօր 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստանին ուղղված Ադրբեջանի նախագահի վերջին սպառնալից հայտարարությունների վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը մատնանշել է հենց նշված փաստաթուղթը, հայտարարել, որ դրանով Հայաստանը ոչ թե պատնեշ, այլ կամուրջ է ցանկանում ստեղծել երկրների միջև:
«Մենք հետամուտ ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ոչ այն պատճառով, որ որևէ երկիր պահանջում է, այլ որ մենք շահագրգռված ենք այդ ապաշրջափակմամբ, և ինչ վերաբերում է, որ մյուս երկրներն օգտագործեն Հայաստանի տարածքը իրենց տարանցիկ փոխադրումների համար, այնպես էլ Հայաստանն է օգտվելու մյուս երկրների տարածքից: Ինչ վերաբերում է կոնկրետ հայտարարությանը, ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ն չի էլ ուզում, շահեկան էլ չի՝ լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր հնարավոր երկրները ուզում են առևտուր ունենալ, շարժ ունենալ մյուս երկրների հետ, սա բխում է պետությունների կենսական շահերից: Մենք ևս շահագրգիռ ենք և ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ կամուրջ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, սա վերաբերում է ոչ միայն աշխարհագրորեն մոտ գտնվող, այլև հեռու գտնվող երկրներին, փոխաբերական իմաստով կապող օղակ դիվանագիտական ծառայությունների միջոցով: Մեզ համար և՛ այդ եզրույթն է անընդունելի, և՛ այն կոնցեպտը, որը դրվում է եզրույթի տակ: Եթե այդ կոնցեպտը չկա, եթե լիարժեք հարգվում է ՀՀ ինքնիշխանությունը բոլոր կոմպոնենտներով, ինչպես և մյուս երկրների, ապա մենք կրկին ոչ միայն դեմ չենք, այլև շահագրգիռ ենք տրանսպորտային ուղիների օր առաջ շահագործմամբ»,- ասել է Միրզոյանը: