Խաղաղության պայմանագրի մասով, իհարկե, տարվա ընթացքում եղել են փաստաթղթի առաջարկների մի շարք փոխանակումներ, նաև եղել են մասնակի, առանձին ձևակերպումներ, եղել են պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ և քննարկումներ նախարարների մակարդակով, եղել են երկրների ղեկավարների մակարդակով: Այնուամենայնիվ, մենք չունենք ստորագրված փաստաթուղթ: Այդ մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք վերջինն ուղարկել ենք ամիսուկես առաջ՝ մեր հերթական առաջարկը, և այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց՝ օգոստոսին հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 հոդվածները և նախաբանը, սակայն դրան ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել:
«Շարունակեցինք բանակցությունները, և այժմ ունենք 17 քննարկվող հոդվածներից 15-ը, տեսնենք՝ ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը այն երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ:
Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլև հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»,- ասաց նա: