Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին՝ կապված Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։
«Անդամ երկրների ինքնիշխանությունը միշտ պետք է հարգվի: Սա դիվանագիտության արժեքներից մեկն է և հիմնարար սկզբունքը, որի վրա մենք միշտ հենվում ենք մեր աշխատանքում: Եվ դա վերաբերում է նաև Դանիայի դեպքին»,- չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը՝ ի պատասխան ԵՄ անդամ Դանիայի Թագավորության մաս կազմող կղզու վերաբերյալ Թրամփի հայտարարության:
Թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն: France inter ռադիոկայանի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտպանելու է իր սահմանները։
«Ակնհայտ է, որ ԵՄ-ն թույլ չի տա աշխարհի մյուս երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա, ինչպիսին էլ դրանք լինեն: Մենք ուժեղ մայրցամաք ենք»,- պատասխանել է Բարրոն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքին: Կղզին Դանիային է պատկանում ավելի քան 600 տարի։