«Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են ժամանակավոր: Նրանք իրենց ծառայություններն են, ըստ էության, մատուցել ՀՀ-ին, քանի դեռ ՀՀ-ն չի կարողանա կազմավորել բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և հմտությունները, որոնցով կկարողանա ինքն իր սեփական ուժերով ապահովել այդ առաքելության ծառայությունը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք կա հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահների ներկայությունը կրճատելու, ինչպես նաև ռուսական բազայի մասին պայմանագիրը վերանայելու, փոփոխելու նախաձեռնություն:
«Հիմա մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուսական սահմանապահ ծառայությանը, և ասեմ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլևս կարող ենք ինքնուրույն հոգալ այդ հարցը:
Այնուհետև ինչ-որ փուլում մենք ստանձնել ենք ամբողջական վերահսկողությունը Հայաստանի և Իրանի միջև գործող անցակետի նկատմամբ: Սա մի կողմից մեր կարողությունների ձևավորման մասին է խոսում, մյուս կողմից, կրկնում եմ, երկու երկրների, տվյալ դեպքում՝ Հայաստանի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակի վկայությունն է:
Հիմա հարցնում եք հետագա պլանների մասին: Կարող եմ ասել, որ եթե, օրինակ, Հայաստանի և Թուրքիայի միջև լինի գործող բաց սահման, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի այդ նույն վստահությունը, ապա մենք կարող ենք քննարկել և դիտարկել այդ հարցը ևս:
Նաև ռազմաբազայից հարցրիք, ուզում եմ ասել, որ այսպիսի հարց օրակարգում այս պահին գոնե չկա, ռազմաբազայի հարց»,- ասաց նա: