Բնականաբար, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի կոմպոնենտը տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հանդես էր եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձառնությամբ, որը, ըստ նախարարի, չի սահմանափակվում Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, այլ այն շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում:
Միզոյանը նաև ընդգծեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ողջունվել է մի շարք երկրների և միջազգային գործընկերների կողմից:
«Դրա կոմպոնետներից մեկը նաև Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է: Այս մասով ևս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին, առաջարկը հնչեցվել է վարչապետ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև փոխվարչապետ Գրիգորյանի կողմից հայկական կողմը ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է հանձնել Ադրբեջանին:
Կարող եմ ասել, որ առաջնային արձագանքն ադրբեջանական կողմի (համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը), բավականին դրական էր: Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել:
Պետք է ասեմ, որ առաջարկը, որ մենք արել ենք, հասցեագրում է գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Վերաբերում է, իհարկե, առաջին փուլում (սրա մասին է առաջարկը) Հայաստանի հարավով անցնող երկաթուղու՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի, այնուհետև՝ Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը: Այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ:
Կրկնում եմ՝ առաջնային արձագանքն ադրբեջանական կողմի դրական տպավորություն թողեց, մնացածը կտեսնենք»,- ասաց նա: