Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ են, կամ ենթադրում է ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Այդ մասին ասուլիսի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Նույնիսկ անունից սկսած՝ «Արևմտյան Ադրբեջանը» Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան» արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին: Նույնիսկ իրենց կառույցն ունի ստեղծած՝ Արևմտյան Ադրբեջանի համայնք, ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցի փախստականների, այլ Արևմտյան Ադրբեջանի համայնք: Այս կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններում, այլև նույնիսկ կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ ցույց է տալիս, և ենթադրում են իրենց կանոնադրական փաստաթղթերը, որ պարունակում են սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է հենց ուղղակիորեն, և իրենք, ըստ էության, չեն էլ թաքցնում, Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ և հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ փլուզման գործընթացին զուգընթաց:
«Ուզում եմ կարևորել և ընդգծել շատ մի ուշագրավ և անվիճարկելի հանգամանք. նախ՝ Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են, հակառակը եզակի բացառություններ են, բավականին քաղաքակիրթ ճանապարհով: 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ այսպիսի բան հնարավոր չէ: 12 հազար, եթե ճիշտ եմ հիշում թիվը, ընտանիքից ավելի կարողացել են փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, և 160 հազարից ավելի ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար, այստեղ իրավունքներն էլ են սպառված:
Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար, եթե ԼՂ-ն էլ հաշվենք, հայերի և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները: Այս ամենը, ինչ ասում եմ, փաստ է, փաստաթղթավորված փաստ. թե՛ մեր տված փոխհատուցումները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր կան և թե՛ հայերի ջարդերը Ադրբեջանում»,- նշեց Միրզոյանը: