Ե՛վ մենք, և՛ թուրքական կողմը մշտապես հայտնում ենք և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, և՛ սահմանը բացելու պատրաստակամություն: Ցավոք սրտի (սա ևս հրապարակային փաստ է), թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որի ժամանակ, ըստ նախարարի, քննարկվել են ինչպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:
«Իմ ընկալմամբ և իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը գուցե շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա: Այսպիսի ընկալում Թուրքիայում, գոնե իմ տպավորությամբ, դեռ չկա:
Պիտի շարունակենք երկխոսությունը և՛ նախարարների մակարդակով, և՛ բանագնացների մակարդակով, և՛, հնարավորության դեպքում՝ երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում»,- ասաց նախարարը: