Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, Հայաստանը ևս ձեռք է բերում զինատեսակներ անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ գումարային, ֆինանսական առումով, և զենք ձեռք բերելը բոլորիս սուվերեն իրավունքն է: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով հարցին, թե ադրբեջանական կողմը վերջին շրջանում հարձակողական զենք է ձեռք բերում, ի՞նչ աշխատանք է կատարում ՀՀ ԱԳՆ-ն այն երկրների հետ, որոնք հարձակողական զենք են վաճառում ադրբեջանական կողմին:
«Սա չի նշանակում, որ մենք ունենք որևէ կոնկրետ մտավախություն: Կամ անգամ եթե ունենք որևէ մտավախություն, մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ մեր հարևանները ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը:
Մենք հրապարակել ենք մեր մտադրության բացակայությունը՝ որևէ հարևան երկրների նկատմամբ ռազմական գործողության, ակնկալում ենք, որ մեր հարևաններն այդպիսի վարքագիծ կդրսևորեն մեր նկատմամբ:
Միևնույն ժամանակ մենք բարեփոխում ենք մեր բանակը, և այդ բարեփոխումների մի կոմպոնենտն է մեր կողմից սպառազինությունների ձեռքբերումը»,- ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ հարձակողական զինատեսակների ձեռքբերմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում՝ Միրզոյանը նկատեց. «Իհարկե մենք ունենք այդ մտահոգությունները: Մենք գետնի վրա տեսել ենք քանիցս, որ այդ զենքը կիրառվում է Հայաստանի դեմ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ: Այդ պատճառով նաև մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել համատեղ մեխանիզմ սպառազինությունների վերահսկման:
Կրկին, ինչպես և հայկական կողմի կառուցողական շատ այլ առաջարկներ, այս առաջարկը ևս մինչև այս պահը մնացել է անպատասխան»,- ասաց նախարարը: