Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Խոսքս, իհարկե, սահմանազատման գործընթացի մասին է: Մեզ հաջողվեց ստորագրել երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային փաստաթուղթը՝ երկու սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այնուհետև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում: Այդ մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այս համատեքստում արտգործնախարարը, առիթից օգտվելով, հորդորեց որևէ առիթի դեպքում այցելել սահմանազատված հատված, տեսնել սահմանի կահավորումը և կյանքը սահմանազատված հատվածում:
«Պայմանավորվածություն կա՝ շարունակելու այս աշխատանքը, ենթադրաբար հենց այս ամսվա հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների միջև և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպումը: Կա նաև ընկալումը, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասաց նա: