Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով գործող տարկետման կարգը, նաև բարձր կրթաթոշակն էականորեն ազդել են ուսանողների թվի աճի վրա: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«2024-2025 ուսումնական տարում այս ուղղություններով բուհեր է ընդունվել 304 ուսանող, որը նախորդ տարվա ընդունվածներից 21 տոկոսով ավելի է: 2024 թվականին այս քաղաքական ուղղությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա: Նաև պետք է ասեմ, որ որոշ ուղղություններով մրցութային ընդունելություն ենք գրանցում, և սա շատ ուրախալի է:
Իհարկե, տարկետման կարգը, որը գործում է ԲՏՃՄ ուղղություններով, նույնպես ընդունելության աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ: Օրինակ՝ ֆիզիկայի ուղղությամբ բավականին էական առաջընթաց ունենք: Կարծում ենք՝ այս քաղաքականությունը տալիս է իր արդյունքը: Ներկայումս բուհերի հետ քննարկում ենք ընթացիկ բարեփոխման հնարավորությունը՝ տարկետման ենթակա մասնագիտությունների ցանկի ուղղությամբ»,- ասաց նա: