Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Միացյալ Նահանգների հավատարիմ բարեկամն էր՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։
«Վարչապետ Թրյուդոն Կանադայի կառավարության ղեկավարի պաշտոնում մեկ տասնամյակ եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ ընկերը: Որպես մերձավոր դաշնակիցներ, հարևաններ և G7-ի անդամներ՝ մենք սերտորեն աշխատել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր երկրներին ու աշխարհին»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալ է Թրյուդոյին գործընկերության համար, որն ավելի վաղ հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին
«Մենք աջակցում ենք վարչապետին և Կանադայի ժողովրդին՝ իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրության և նոր կառավարության ձևավորման հարցում»,- նշել է Ժան Պիերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարին նաև խնդրել են մեկնաբանել Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Կանադայի շատ բնակիչներ կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը:
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այն, ինչ հայտարարում է ընտրված նախագահը։ Ինչպես գիտենք, ներկայիս վարչակազմի աշխատանքին մնացել է երկու շաբաթ։ Նախագահ Բայդենը մտադիր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մենք այսօր անում ենք»,- ասել է Սպիտակ տան խոսնակը: