Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, թե Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին, քանի որ Հայաստանն առաջին անգամ ունի վճռական վարչապետ, որը չի ենթարկվում Մոսկվային:
Էմանուել Մակրոնը հավելել էր, որ Փարիզը վերջին ամիսներին ենթարկվել է Ադրբեջանի անընդունելի միջամտությանն իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը:
Բաքվից անհիմն, սադրիչ և անընդունելի են որակել Մակրոնի խոսքերը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Փարիզին մեղադրել է հայամետ քաղաքականության, Ադրբեջանի ինքնիշխանությունն իբր կասկածի տակ դնելու, ինչպես նաև Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում գործակցելու համար:
«Ֆրանսիայից պահանջում ենք ձեռնպահ մնալ քայլերից, որոնք չեն նպաստում խաղաղությանը, այլ նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։