Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանի զինումը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր լարվածության»։
Նման հայտարարություն Ալիևն արել է տեղական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Հայաստանի զինումը պարզապես նոր լարվածության կբերի։ Մենք նման բան չենք ցանկանում, մենք խաղաղություն ենք ուզում։ Ցանկանում ենք, որ պատերազմի էջը փակվի, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանը, իր նոր հովանավորները նման բան չեն ցանկանում, այլ ապրում են ռևանշիստական գաղափարներով, և Հայաստանը, փաստացի, նոր սպառնալիքի աղբյուր է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողքից պարզապես չի հետևելու Հայաստանի զինմանը։
«Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինումը։ Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք նրան զենք են մատակարարում, պետք է չեղարկեն այդ պայմանագրերը։ Արդեն իսկ Հայաստանին մատակարարված զենքը պետք է վերադարձվի»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Երևանը կընդունի Բաքվի պայմանը Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
«Այդտեղ ոչ մի արտառոց բան չկա՝ Մինսկի խմբի լուծարում, ՀՀ սահմանադրության փոփոխում. առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է»,- հավելել է Ալիևը։