2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը Գ.Գ.-ն դանակով սպանել է մորը՝ Գ.Կ.-ին և դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև, Գ.Գ.-ն վրեժի շարժառիթով հայտնվելով իր ընտանիքի բնակության վայրում, դանակով առնվազն 27 անգամ բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կտրելով վերջինիս կենսական կարևոր օրգան պարանոցը, ինչի արդյունքում նա ապօրինաբար զրկվել է կյանքից:
Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն՝ Գ.Գ.-ն ճանաչվել է մեղսունակ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը):
Գ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
2024 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: