Սիրիայի նոր իշխանությունները երկրի հյուսիսում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներից պահանջել են անվերապահորեն վայր դնել զենքերը։ Այդ մասին հայտնում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Պարբերականի տվյալներով՝ երկու հանդիպում է տեղի ունեցել Դամասկոսի նոր իշխանությունների և PKK-ի ներկայացուցիչների միջև, որոնց ժամանակ PKK-ի և դրա սիրիական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների էմիսարները, պահանջել են զենքը վայր դնելու դիմաց սիրիական պաշտոնական բանակում ունենալ իրենց դիվիզիան կամ բանակային կորպուսը: Քրդական կողմը պահանջել է նաև հավասարապես բաժանել Արաբական Հանրապետության հյուսիսում ԱՄՆ-ի հետ վերահսկվող նավթահանքերը:
Hürriyet-ը ենթադրում է, որ «Սիրիայի նոր իշխանությունները նույնիսկ չեն քննարկել այդ հարցը՝ քրդերից պահանջելով անվերապահորեն վայր դնել զենքերը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ հունվարի 4-ին հայտարարել էր, որ PKK-ն այլ ելք չունի, քան հանձնել զենքերը։