Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատ արձակել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում։ Այդ մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։
Լրատվականի խոսքով՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի հաստատած ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաներին և հիվանդներին: Նշվում է, որ շարժումը համաձայնել է ազատ արձակել այդ պատանդներին, սակայն մոտ մեկ շաբաթ կպահանջվի հստակ որոշելու՝ նրանք ողջ են, թե ոչ։
Հունվարի 5-ին Reuters-ը, հղում անելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, հայտնել է, որ շարժումը հաստատել է 34 պատանդի անունների ցուցակը, որոնց պատրաստ են ազատ արձակելու: Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում հրեական պետությունը ՀԱՄԱՍ-ից պատանդների համապատասխան ցուցակ չի ստացել։