Գերմանիան ֆինանսական օգնություն կտրամադրի Սիրիային միայն այն դեպքում, եթե երկրի նոր իշխանությունները հարգեն կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այդ մասին Tagesthemen-ի եթերում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Նա նշել է, որ Բեռլինը չի պատրաստվում աջակցել «իսլամիստական կառույցներին», և Սիրիան լքած միլիոնավոր կրթված քաղաքացիներ երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք, եթե կանայք ապահով չլինեն։ Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է ռուսական ռազմաբազաները հեռացնել Սիրիայի Լաթաքիա նահանգից։ Նա նաև կոչ է արել ստեղծել ներառական կառավարություն, որը կներառի կանանց և էթնիկ փոքրամասնություններին:
Բերբոքի հետ Դամասկոս է ժամանել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն: Նա հայտարարել է, որ Սիրիա է եկել այդ երկրի անցումային կառավարությանը հաղորդելու շատ հստակ ու շատ կոշտ ազդակներ՝ քաղաքական անցման առումով Արևմուտքի ակնկալիքների մասին, ինչն էլ կնպաստի Դամասկոսի վերականգնմանը: