Սիրիայի նորընտիր արտգործնախարար Ասաադ ալ Շիբանին այցելել է Դոհա և հանդիպել Կատարի վարչապետ ու արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ: Իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը ձգտում է դիվանագիտական կապեր հաստատել տարածաշրջանային և համաշխարհային կառավարությունների հետ: Արտաքին գործերի նախարար Ասաադ ալ Շիբանիի հետ Կատար են ժամանել պաշտպանության նախարար Մարհաֆ Աբու Կասրան և Սիրիայի հետախուզության ղեկավար Անաս Հաթաբը։
Շիբանին X-ում գրել է, որ նախատեսում է նաև այցելել Հորդանան ու Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ռազմավարական գործընկերություն զարգացնելու և Սիրիայի անվտանգության ու տնտեսական վերականգնմանն աջակցելու համար:
Հինգշաբթի Էր Ռիադում նա հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ։ Իսկ ուրբաթ Դամասկոսում ընդունել է Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին։ Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարը կիրակի կոչ է արել ԱՄՆ-ին չեղարկել երկրի դեմ պատժամիջոցները։