Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման մեղավորներին, որը Բաքվից Գրոզնի էր թռչում և կործանվել է Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։
«Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան համար մեղավոր են Ռուսաստանի ներկայացուցիչները, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն»,- ասել է Ալիևը ավիաաղետից զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ «եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնի քաղաքի օդային տարածքը փակելու համար, պահպանվեին վերգետնյա սպասարկման կանոնները, և կարգավորվեր զինված ուժերի և Ռուսաստանի քաղաքացիական ծառայությունների միջև համակարգումը, այդ ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել»:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհասկանալի է մնում, թե ինչու է Բաքվից Գրոզնի թռչող և Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) Embraer 190 ինքնաթիռը ուղարկվել Ակտաու։ Նրա խոսքով՝ այժմ Բրազիլիայում ընթանում է «սև արկղերի» վերծանման գործընթացը։