Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս մեկ տուժող Աշտարակի բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի:
Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: