Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին՝ ժամը 13։24-ին։
Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։
47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։
Սահմանվել է հերթապահություն։
Հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։
Ժամը 14:55-ի դրությամբ՝ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էին 137 հրշեջ-փրկարար։
Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
Դեպքի վայրում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։
Նախնական տվյալներով՝ այրվում էր խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։
Ժամը 19։00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան, ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել է հերթապահություն։