Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը. այն Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը: Հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:
Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մարդիկ միմյանց ավետիս են տալիս և պատասխան ստանում. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Սուրբ Ծնունդը նաև կոչվում է Աստվածհայտնություն, այսինքն՝ Քրիստոսի ծնունդով Աստված հայտնվեց աշխարհին: Ըստ Եկեղեցու սրբազան ավանդության՝ Քրիստոս 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվեց Հորդանան գետում, ուստի հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է: