ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ։
ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։
2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Ավան նստավայր) քննվում էր գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի հարցը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ:
Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը երեկ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նիստն սկսվելու է ժամը 18:00-ին, ապա նիստը հետաձգվել էր մեկ ժամով:
Տիրան Խաչատրյանի փաստաբաններից Արմեն Անդրիկյանն ավելի վաղ հայտնել էր, որ գործը վերաբերում է 44-օրյա պատերազմում Տիրան Խաչատրյանի գործունեությանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է գործող Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 3-րդ մասի (Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով) հիմքով:
Գործը, ըստ փաստաբանի, 5 հատոր է:
Ըստ Անդրիկյանի՝ Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը:
Հիշեցնենք նաև՝ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:
«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- տեղեկացրել էր Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը: