Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են՝ մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
Ըստ փաստաբանի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:
Այս առնչությամբ 1lurer.am-ը զրուցեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:
«Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն անցնում է Արամուս գյուղում զենք կիրառելու միջադեպի գործով։
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: