Հարավային Կորեայում քննիչներին և իրավապահներին չի հաջողվել կալանավորել պաշտոնանկ արված նախագահին: Յուն Սոկ Յոլի պահակախումբը և նախագահի նստավայրի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են Հարավային Կորեայի հակակոռուպցիոն գրասենյակի ներկայացուցիչների գործողությունները: Նաև նստավայրի շենքի դիմաց հավաքվել են Յուն Սոկ Յոլի կողմնակիցները և բողոքի ցույց անցկացրել:
Դեկտեմբերի վերջին Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալության օրդեր էր տվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու դեպքով քրեական հետաքննության շրջանակում: Նախագահի փաստաբաններն ապօրինի և անվավեր են որակել դատարանի որոշումը։ Սա Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին նման դեպքն է:
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին քվեարկել է Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օգտին, քանի որ նա դեկտեմբերի 3-ին երկրում արտակարգ դրություն էր հայտարարել: Նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ արտակարգ դրություն է սահմանել, քանի որ ընդդիմությունը Հյուսիսային Կորեայի աջակցությամբ ցանկանում է պաշտոնանկ անել իրեն: