Գերմանիայի կանցլերն անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանմանը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Օլաֆ Շոլցը X-ի միկրոբլոգում գրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն աստիճանաբար ավելի շատ անմեղ մարդկանց վրա է ազդում՝ նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս:
«Այդ մասին է վկայում Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, այն պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են»,- գրել է կանցլերը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայից պահանջել է ընդունել մեղքը, ներողություն խնդրել, պատժել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել: Իլհամ Ալիևը նշել է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում, այն անկառավարելի է դարձել «ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի» պատճառով:
Ղազախական կողմի տվյալով՝ հետաքննության նախնական արդյունքները կներկայացվեն առաջիկա 30 օրվա ընթացքում: