Ռուսաստանում անօրինական գտնվող միգրանտներն ու քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են ինքնուրույն լքել երկիրը կամ 2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կարգավորել իրենց իրավական վիճակը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 8-ին ընդունված «Անօրինական միգրանտների արտաքսման մասին օրենքի» իրագործման նպատակով, որի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում սահմանվում է արտաքսման միգրացիոն ռեժիմ:
Օրենքը կկիրառվի այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք ՌԴ-ում գտնվելու օրինական հիմքեր չունեն։ Նշված կատեգորիայի բոլոր քաղաքացիները ենթակա են ընդգրկվելու վերստուգվող անձանց ռեեստրում մինչև նրանց վտարումը կամ մինչև իրավական վիճակի կարգավորումը:
Մինչև ապրիլի 30-ը մեկնելու պահանջը չի տարածվի այն օտարերկրյա քաղաքացիների վրա, որոնք ցանկություն են հայտնել օրինական հիմունքներով մնալու Ռուսաստանում և կատարել են մի շարք պայմաններ՝ տրամադրել են իրենց կենսաչափական տվյալները, անցել են թմրանյութերի և վարակների բուժզննություն, փաստաթղթեր են ներկայացրել ռուսաց լեզվին տիրապետելու, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության իմացության վերաբերյալ, կամավոր մարել են պարտադիր վճարումների պարտքերը: